Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան կարծում է, որ ռուսական «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը խոչընդոտում է երկրում անգլերենի տարածմանը: Այս մասին նախարարը հայտարարել է քաղաքացիական կրթության մանկավարժների համաժողովում, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
«Վերջերս ես հանդիպել եմ միջազգային մի քանի կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են արտասահմանյան լեզվի տարածմանը, նրանց թվում էր ձեզ լավ ծանոթ American Councils-ը, եւ ես հանդիպեցի նրա ղեկավարության հետ ու հարցրեցի՝ ո՞վ է ձեր գլխավոր մրցակիցը: American Councils-ը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է աշխարհում տարածել անգլերենը: Մեր օրերում նրա մրցակիցը «Մաշան եւ արջն» է»,- հայտարարել է Ջեջելավան:
Փորձագետներից շատերի կարծիքով՝ ռուսական «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը ռուսական «փափուկ ուժի» տարր է: Վրաստանի կրթության նախարարն այս ենթադրությանը համաձայն է: Նա նշել է, թե մուլտֆիլմը, որը վրացի երեխաների շրջանում մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել, աշխատում է ռուսական մշակույթի, մտածողության եւ կենսակերպի տարածման ուղղությամբ: «Այն սուպերհանրաճանաչ է: Հավանաբար դուք երեխաներ եւ թոռնիկներ ունեք, եւ դուք տեսնում եք, որ «Մաշան եւ արջը» մրցակցում է American councils-ի հետ ու բարձր մակարդակով հաղթում է»,- ասել է Ջեջելավան:





























