Չինական (AVIC) ավիաշինական կորպորացիան փորձարկել է թեթեւ Z-19E մարտական ուղղաթիռը, որը ստացել է «Սեւ պտտահողմ» անվանումը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով «Ժենմին ժիբաո»-ն։ Z-19E-ն օդ է բարձրացել առավոտյան՝ Հարբինի օդակայանից։
Նոր ուղղաթիռը Z-9-ի արդիականացված տեսակն է։ Z-19E-ի թռիչքային քաշը 4,25 տոննա է, խցիկը նախատեսված է երկու օդաչուների համար։
Նշվում է, որ «Սեւ պտտահողմը» գերազանցում է իր դասի շատ ուղղաթիռների։
Z-19E-ը նախատեսված է մարտի դաշտում թեթեւ եւ ծանր զրահատեխնիկան վնասազերծելու, հակառակորդի կրակային թիրախները ճնշելու, ցամաքային զորքերին աջակցելու համար, կարող է նաեւ օգտագործվել ցածրությամբ թռչող թիրախները որսալու նպատակով։
Ուղղաթիռի սպառազինությունը ներառում է «օդ-օդ», «օդ-երկիր» դասի հրթիռներ եւ գնդացիներ։





























