Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաեւ շատ յուրահատուկ մի առաքելություն. Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձեւափոխումը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով պատգամավորներին:

«Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն եւ լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան:

Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թեւերի ներդաշնակ փոխգործակցությունը եւ փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:

Պատկերացնում եմ Ազգային ժողովի եւ պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու եւ նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:

Ես դա անելու եմ նաեւ վաղը՝ առնվազն մինչեւ իմ՝ որպես նախագահի պաշտոնավարման ավարտը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով միասին կարողանալու են հետեւողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը եւ ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս. «Չէ՞ որ խորհրդարանը նաեւ քաղաքական երկխոսության, բազմակարծության եւ տարբեր գաղափարախոսությունների արտահայտման գլխավոր հարթակն է: Այն քաղաքական մշակույթ ձեւավորող կարեւորագույն ինստիտուտ է, որտեղ պետք է սկիզբ առնի եւ բյուրեղացվի քաղաքական մրցակցությունը: Սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլեւ պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական եւ վերահսկողական բոլոր դրսեւորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու:

Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի կամքը եւ պատրաստակամությունը՝ անցկացնելու ժողովրդավարության եւ պետականաշինության առաջընթացի մասին վկայող ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Կարծում եմ՝ դուք նույնպես: Դուք ստացել եք անհրաժեշտ վստահության քվեն: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Մնում է շարունակել եւ առաջ տանել սկսած գործը»: