Թուրքիայի կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այն նախագծին, որի շրջանակներում մոտ 20 ժամանակակից թուրք պոետների ստեղծագործություններ կթարգմանվեն հայերեն,- NEWS.am-ին հայտնել են Թուրքիայի մշակույթի նախարարությունում։ «Բանաստեղծության բառերը կդառնան խաղաղության աղավնիներ» անվանումը կրող նախագիծը կիրականացվի Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի աջակցությամբ։

«Այդ նախագծի իրականացումը շատ կարևոր է, քանի որ շատ հաճելի է թուրք հայտնի պոետների ստեղծագործությունները թարգմանված տեսնել մի քանի լեզուներով։ Մշակույթի նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նմանատիպ ցանկացած նախագծի»,- հայտարարել է Գյունայը։

Վերոհիշյալ նախագիծը նախաձեռնվել է գրող և գրականագետ, Հայաստանի գրողների միության անդամ Արթուր Անդրանիկյանի կողմից։ Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետի մասնագետներից բաղկացած հանձնաժողովը կընդգրկվի այդ նախագծում, որով կիրականացվի նաև հայ գրականության թարգմանությունը թուրքերեն։

«Իմ նպատակն էր հայ ընթերցողին ներկայացնել թուրքական գրականությունը՝ թարգմանելով բնօրինակից։ Ինձ չէին բավարարում բազմաթիվ այլ թարգմանությունները, քանզի դրանցում շատ բան կորսվել է բնօրինակից։ Բանն այն է, որ թուրքական գրականությունը սկզբում թարգմանվել է ռուսերեն, իսկ հետո արդեն հայերեն։ Ես մի քանի տարի շարունակ փայփայել եմ այդ նախագիծը և կարծում եմ, որ այժմ եկել է դրա իրականացման ժամանակը։

Հայ և թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն միմյանց, որպեսզի կարողանան հաղթահարել նախապաշարումները և ազատվել պատմական ցնցումներից։ Մենք շատ ուրախ ենք, որ Գյունայը պատրաստ է աջակցել այդ հարցին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այն բանի համար, որ ականջալուր եղավ իմ կոչին»,- հայտարարել է Անդրանիկյանը։