Բրյուսելում ծրագրված գալիք հանդիպումներըր կարող են ԵՄ-ին ու Թուրքիային դեպի հաշտեցում առաջխաղացման հնարավորություն ընձեռել, բայց ԵՄ-ին անդամակցելու Անկարային շանսերը քիչ հավանական են մնում։ Այս մասին գրում է Կարնեգի հիմնադրամի հրավիրված վերլուծաբան Մարկ Պիերինին։
Նրա կարծիքով մայիսի 25-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում որոշ հաջողություններ հնարավոր են միայն այն պայմանով, եթե Թուրքիան բավականաչափ բարի կամք դրսեւորի ու եթե ԵՄ-ն ու Թուրքիան կարողանան լուծել իրենց ամենահրատապ խնդիրները։
Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն պետք է աջակցի երկրին ահաբեկչության դեմ պայքարում ու չպետք է այլեւս ստիպի «Թուրքիային սպասել դռան մոտ՝ չիրագործված խոստումներով»։
«Իդեալական տարբերակում Թուրքիայի ղեկավարությունը կցանկանար, որ ԵՄ-ն ներողամտաբար վերաբերեր երկրում մարդու իրավունքների սարսափելի իրավիճակին, օրենքի գերակայության դեգրադացվող ճարտարապետությանն ու միանձնյա կառավարման համակարգին։ Նման բան պարզապես տեղի չի ունենա։ Անկարայի համար երկրորդ տարբերակն է ակնկալել ԵՄ-ի հետ համագործակցությանը առեւտրի ու ներդրումների ոլորտում՝ անկախ կառավարման խնդիրներից, հանուն Թուրքիայի ռազմավարական կարեւորության։ Դա էլ տեղի չի ունենա»,- գրում է Պիերինին։
Իրականում հաշտեցման հնարավորությունը շատ սահմանափակ է ՝ դա պայմանավորված է Թուրքիայի կողմից բարի կամքի դրսեւորման մի քանի քայլերից ու առաջնային քայլերի փաթեթի շուրջ փոխհամաձայնությունից։
Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան պետք է ձեռնարկի հետեւյալ քայլերը ՝ հրաժարվի մահապատիժը վերականգնելու ծրագրից ու վերադառնա ազատական ժողովրդավարական կառավարման, հասկանալով, որ ԵՄ-ն երբեք չի անտեսի մարդու իրավունքների խնդիրները։ Միաժամանակ ԵՄ-ն ու Թուրքիան պետք է կենտրոնանան փոխշահավետ հարցերի վրա՝ մաքսային միության արդիականացում, փախստականների խնդիր, ահաբեկչության դեմ պայքար։
«Երկարաժամկետ հեռանկարում Եվրոպայի հետ երկխոսության վերբեռնումը կարող է լինել այն սակավաթիվ դիվանագիտական ուղիներից մեկը, որոնք դեռ բաց են Թուրքիայի համար, հաշվի առնելով, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմա բարդ վիճակում են»,- ամփոփում է վերլուծաբանը։





























