Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործով դատական նիստին, այսօր` մայիսի 23-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Մխոյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներ Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին ու Էդուարդ Զեյթունյանին չի ճանաչում: Նա նշեց, որ հուլիսի 19-ին Երեւանի Խորենացի-Որմնադիր փողոցների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ է տարել, որպեսզի պահպանեն անվտանգության կանոննները: Բնակիչներից մեկի հետ զրուցելու ընթացքում ՊՊԾ գնդի մոտից կրակոցներ է լսել, իսկ Գլինկա-Որմնադիր փողոցների խաչմերուկից` աղմուկ: Դեպքի վայր հասնելով տեսել է` բնակիչները ոստիկաններից պահանջել են, որ փողոցը բացեն, որպեսզի կարողանան կարճ ճանապարհով երթեւեկել:
«Մենք 8-10 հոգի էինք, խառնաշփոթ էր, գոռգոռոցներ էին, մեկ տարի է անցել, հստակ չեմ կարող հիշել մանրամասները: Քաղաքացիների մեջ կային մարդիկ, որոնք փորձում էին հանդարտեցնել լարված իրավիճակը, հետո քաշքշուկ, հրմշտոց սկսվեց, քարերով սկսեցին հարվածել, մոտեցավ ոստիկանության զրահապատ մեքենան, կրքերը հանդարտվեցին»,-ասաց նա:
Նա նշեց, որ տարածքից օդ կրակողներ են եղել` կրքերը հանդարտեցնելու համար: Հովհաննես Մխոյանը նշեց, որ մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն, իր գործընկերներից ոմանք քարի հարվածից վնասվաքներ են ստացել:
Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկա ոստիկանի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ դատաքննական եւ նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում: Պաշտպանական կողմը առարկեց` նշելով, որ էական հակասություններ չկան վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում: Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարեց:
Վկա ոստիկան Հովհաննես Մխոյանն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը, Երեւանի Գլինկա եւ Որմնադիր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց է նկատել, իր գործընկերների հետ մոտեցնել նրանց:
«Տեսանք, որ ծառայություն իրականացնող ոստիկանների մոտ քաղաքացիական հագուստով մոտ 40-50 անձինք էին հավաքված: Նրանք վիճաբանում էին ոստիկանների հետ` պատճառը ճանապարհի երթեւեկելի հատվածը ազատելն էր, սկսեցին հրել ոստիկաններին, հայհոյել մեզ, մենք փորձում էինք հանգստացնել նրանց: Որոշները վեր բարձրացան եւ վերեւից սկսեցին քարեր նետել մեր վրա, կրակոցներ հնչեցին ՊՊԾ գնդի տարածքից այդ ժամանակ, որից հետո նրանք փախան: Արդյունքում որոշ գործընկերներ վնասվածքներ սացան: Քարեր նետողներին հստակ չեմ կարող նշել, որովհետեւ խառը իրավիճակ էր»,-իր ցուցմունքում ասել է նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։





























