ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն իր առաջին արտասահմանյան շրջագայությունն է կատարում, չորեքշաբթի առավոտյան Վատիկան է ժամանել, որտեղ առաջին անգամ կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նախագահական ավտոշարասյունը մտել է Վատիկանի տարածք տեղական ժամանակով 8:16-ին, մինչդեռ պապի մոտ ընդունելությունը նշանակված է 8.30-ին: Առաքելական պալատի մուտքի մոտ Թրամփին կնոջ՝ Մելանյայի հետ դիմավորել է Պապական տան պրեֆեկտ, արքեպիսկոպոս Գեորգ Գենսվայնը: ԱՄՆ նախագահի Վատիկան այցի ուղիղ հեռարձակումը կատարում է իտալական պետական հեռուստատեսությունը՝ Rai-ն:

Ըստ այցի ծրագրի՝ Թրամփին կնոջ հետ նախ կընդունի Ֆրանցիսկոս պապը, այնուհետեւ նրանց կմիանան ամերիկյան պաշտոնական պատվիրակության անդամները: Դրանից հետո ԱՄՆ նախագահը կհանդիպի Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինոյի հետ: Ծրագրի գործնական մասի ավարտից հետո նախատասված է հյուրերի էքսկուրսիա Սիքստինյան կապելա եւ Սուրբ Պետրոսի տաճար:

ԱՄՆ 45-րդ նախագահի եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի հանդիպման հանդեպ ուշադրությունը պայմանավորված է արդի մի շարք սուր խնդիրների՝ միգրանտների նկատմամբ վերաբերմունքի եւ մոլորակի կլիմայի փոփոխության հանդեպ երկու առաջնորդների մոտեցումների ակնհայտ տարբերությամբ: