Փիլիպիններում ծայրահեղականները 14 մարդու են պատանդ վերցրել, այդ թվում՝ կաթոլիկ քահանայի, հաղորդում է ABC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Մարավիում, գրոհայինները կառավարությունից պահանջում են դուրս բերել զորքերը:

Երեքշաբթի Ֆիլիպինների Մինդանաո նահանգում, որտեղ զինվորականների եւ «Իսլմական պետության» հետ կապ ունեցող գրոհայինների միջեւ զինված բախումներ են տեղի ունեցել, ռազմական դրություն է հայտարարվել:

Մարավի քաղաքում զինվորականներն արգելափակել են բնակարանը, որտեղ գտնվում են «Մաուտե» խմբավորման զինված գրոհայինները:

Նշվում է, որ արգելափակված գրոհայինների թվում է «Աբու Սայաֆ» ծայրահեղական խմբավորման ղեկավար Իսնիլիոն Հափիլիոնը:

Ստեղծված իրավիճակի պատճառով Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրճատել է Ռուսաստան այցի ժամկետները: