Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի համար դատախազը պահանջեց 4 տարվա ազատազրկում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 25-ին, մեղադրող Հայկ Պետրոսյանը նշեց, որ դատաքննությամբ հիմնավորվել է Խանդոյանի մեղավորությունը: Ըստ դատախազի՝ ինքն այս պատիժն է պահանջում, քանի որ Աարարատ Խանդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ինչպես նաեւ չի զղջացել կատարածի համար: Հայկ Պետրոսյանի պահանջած պատիժը դժգոհություն առաջացրեց դահլիճում: Ամբաստանյալի մայրը սկսեց տեղից խոսել, սակայն Խանդոյանը խնդրեց մորը չխոսել:

Արարատ Խանդոյանի պաշտպանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել եւ նշանակել հունիսի 14-ին:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին մասնակցում է նաեւ համաներմամբ ազատ արձակված, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ.հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Խանդոյանը կալանքի տակ է: