Չնայած շատ տարբեր հայացքներին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որպես փախստականների ճգնաժամը կարգավորել կարողացող առաջնորդներ, հավասարաչափ են ընկալվում:
«Ավրորա 2017» մարդասիրության ցուցիչի հրապարակված արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծ մասը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, սակայն միայն 37 տոկոսն է պատրաստ նրանց սեփական երկրում ընդունել: Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրները չափից մեծ թվով փախստականների են ընդունել: 12 երկրներից հարցվածները Գերմանիային, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին են նշել որպես ամենամեծ թվով փախստականների ընդունած երկրներ: Ըստ ցուցիչի՝ հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ ազգային փոքրամասնությունները իրենց երկրներին սպառնալիք են ներկայացնում: Այս ցուցանիշը աճում է հատկապես Մեծ Բրիտանիայում (56 տոկոս), Քենիայում (56 տոկոս), Թուրքիայում (55 տոկոս) եւ Ֆրանսիայում (54 տոկոս):
Հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել այն առաջնորդին, որը կկարողանար կարգավորել փախստականների ճգնաժամը: Հարցվածների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33 տոկոս) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31 տոկոս) փախստականների ներկայիս ճգնաժամի լուծումը գտնելու համար լավագույն դիրքում են: Մինչդեռ «Ավրորա 2016» մարդասիրության ցուցիչի համաձայն՝ հարցվածների 46 տոկոսը նշել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս հարցի կարգավորման համար ամենահարմար համաշխարհային առաջնորդն էր:





























