Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ Ռուսաստանից ավելի հարգալից վերաբերմունք է պահանջում հանրապետության նկատմամբ։ Այս մասին նա ասաց ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան ռուս 5 դիվանագետների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու որոշման վերաբերյալ հարցին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք գնահատում ենք ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ անցյալ, ինչպես նաեւ այս տարի այդ ուղղությամբ շատ ջանքեր գործադրեցինք։ Սակայն մենք եւս հարգալից վերաբերմունք ենք ցանկանում ստանալ՝ չնայած որ փոքր երկիր ենք։ Մենք ԱՊՀ անդամ ենք, որի օրենքներին պետք է հետեւեն համագործակցության բոլոր անդամները»,- ասել է Ֆիլիպը։

Նա ափսոսանք է հայտնել, որ Մոլդովայում «այդպես էլ պատասխան չստացան Քիշնեւում ՌԴ-ի դեսպանատուն հղած նոտային», որտեղ Մոլդովան վրդովմունք է հայտնել Ռուսաստանի հետ սահմանին մոլդովացի պաշտոնյաների նկատմամբ չափազանց խիստ վերաբերմունքի պատճառով։