ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մորը՝ տիկին Փիրուզային, այսօր՝ հունիսի 2-ին, թույլ չեն տվել տեսակցել որդուն: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանի որոշմամբ հանվել է Արմեն Լամբարյանի տեսակցությունների վրա դրված արգելքը եւ այսօր նրա կինը, աղջիկն ու մայրը գնացել են տեսակցելու Լամբարյանին: Փաստաբանի խոսքով, կնոջն ու աղջկան թույլ են տվել տեսակցել նրան, իսկ մորը ոչ՝ պատճառաբանելով, որ նրա մոտ չկան անհրաժեշտ փաստաթղթեր:
«Մայրը մոտը ծննդյան վկայական չունի, չնայած այդ կինը 10 ամիս է հանձնուք է տանում, ճանաչում են նրան, բայց ասում են՝ ծննդյան վկայական չունի, համոզված չեն, թե մայրն է: Զանգել ենք նաեւ ՄԻՊ, սակայն, նրանք էլ ոչնչով չկարողացան օգնել նրան: Հիմա մայրը «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ սպասում է, որպեսզի թույլ տան, որ ներս մտնի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:





























