ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը՝ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված ոտքը մինչ օրս չի կարողանում գետնին դնել, քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ ապրիլի 2-ին իր պաշտպանյալին այցելել են բժիշկներ, ասել, որ առաջիկա օրերին կսկսեն ոտքի բուժումը, սակայն, մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
«Այցելել էին բժիշկներ, բժշկական կոնսիլիում, խորհրդատվություն է եղել ու վերջ: Այլ միջոցառումներ չեն ձեռնարկվել, դրանով սահմանափակվել են: Նրա հիմնական խնդիրը ոտքի հետ կապված է, վնասված ոտքը վիրահատությունից հետո չի կարողանում շարժել, ցավեր ունի: Ոչ մի դինամիկա չկա մոտը՝ ոտքը շարժելու, քայլելու առումով: Ոտքի նյարդի հետ է կապված, պետք է վերականգնվի, բայց այդ առումով բժշկական ոչ մի միջամտություն չի արվում՝ մասաժ, այլ գործողություններ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:





























