«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մայրը՝ տիկին Փիրուզան, քիչ առաջ վատացել է ՔԿՀ-ի դիմաց, նրա համար շտապօգնություն են կանչել: NEWS.am-ի հետ զրույցում Փիրուզա Լամբարյանը նշեց, որ 3 ժամից ավելի սպասել է ՔԿՀ-ի դիմաց՝ 10 ամիս անց որդուն տեսակցելու հույսով, սակայն, այդպես էլ թույլ չեն տվել, որ ներս մտնի: Պատճառաբանել են, թե Արմեն Լամբարյանի ծննդյան վկայականը չի բերել եւ այդ պատճառով էլ թույլ չեն տալիս:
«Սասնա ծռեր» խմբի անդամի կինն ու դուստրն արդեն երկու ժամից ավելի է՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են, նրանք տեսակցության են Արմեն Լամբարյանի հետ:
Հիշեցնենք, որ 10 ամիս է Արմեն Լամբարյանի տեսակցությունների վրա արգելք էր դրված, դատարանն այն վերջերս է վերացրել:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:





























