Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի Սիրահարների այգում բացվեց «Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարների ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Ցուցահանդեսը ներկայացնում է «Ես ու բնության իմ անկյունը» կրթական արշավի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներից ստացված լուսանկարներ, որոնցում պատկերված են երեխաները՝ բնության իրենց սիրելի վայրում։ Ցուցադրված են նաեւ WWF-Հայաստան-ի վայրի բնության մասնագետ Ալեքսանդր Մալխասյանի մի շարք լուսանկարներ, որոնք ներկայացնում են հայաստանյան վտանգված ու Կարմիր գրքում ներառված ցեղատեսակներ։ Ցուցահանդեսը հունիսի 7-ին կտեղափոխվի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ։
«Ես ու բնության իմ անկյունը» կրթական արշավի նպատակն է դպրոցահասակ երեխաներին իրազեկել կայուն զարգացման բնապահպանական նպատակների, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի եւ նրանց ապրելավայրի պահպանության կարեւորության մասին:
Լավագույն երեք լուսանկարների հեղինակ դպրոցականները կստանան խորհրդանշական նվերներ, բոլոր մասնակիցները՝ շնորհակալագրեր։ Կրթական արշավի հաջորդ փուլում ընտրված մասնակիցներն կմշակեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ: Լավագույն առաջարկների հեղինակները կմասնակցեն աշնանը կայանալիք բնապահպանական դաշտային ճամբարին:





























