Ֆիրդուսի փողոցի առեւտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարակական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առեւտրի եւ սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների եւ շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առեւտրականների գործունեությունն առեւտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական  աշխատանքները, եւ պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն: Այս հարցում եղեք խիստ հետեւողական, քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առեւտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ: Բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեք, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առեւտրականներից գումար չգանձեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել մեկշաբաթյա ժամկետում հարցն ամբողջությամբ կարգավորել: