Երգիչ Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է եւ վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, լրագողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, քննարկման առարկա դարձնել տաղանդավոր, շնորհաշատ եւ հանրության մեջ վաստակ ունեցող մարդու պատվավոր կոչումը, առնվազն կոռեկտ չէ: Այն կոչումները, որ շնորհվել են մայիսի 28-ին, բոլորը արժանի մարդիկ էին՝ նրանք իրոք մշակույթի ոլորտում վաստակ ունեն»:
Հարցին, թե որն է Ռազմիկ Ամյաինի վաստակը, նախարարը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք: Ուրեմն Դուք լավ չեք հետեւում Ռազմիկ Ամյանի գործունեությանը: Նա զարգացրել է կատարողական արվեստը։ Նա հրաշալի երգիչ է՝ լավ ձայնային տվյալներով։ Եթե այսօր երգիչներն ինչ-որ տեղ շեղվում են իրենց նախանշված ուղուց, պետք է կարողանանք ստեղծել այն դաշտը, որ էստրադայում, դասական երաժշտության բնագավառում, փոփում, ջազում մարդիկ, մնալով իրենց ոճի մեջ, կարողանան դրամ վաստակել։ Մեր խնդիրն է, որպեսզի հայեցակարգերով, օրենքներով կարգավորենք այդ դաշտը, որ մարդիկ չգնան 6/8 դաշտ»,- նշեց Ամիրյանը:
Դիտարկմանը, որ կոչումների շնորհման գործընթացը շատ ցավագին ու ոչ միանշանակ է ընդունվում հանրության կողմից, նախարարն արձագանքեց. «Որովհետեւ բոլորին թվում է՝ իրենք վաստակավոր են, բայց վաստակավոր են նրանք, ովքեր ստանում են»:





























