ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի եւ Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռեւս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։

Նախագահի վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ Հովհաննես Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները։

Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ նախագահից հանձնարարություն է ստացել ամենօրյա ռեժիմով վերահսկել, որպեսզի կառավարության համապատասխան գերատեսչություններն օր առաջ ավարտեն իրենց պարտավորությունների կատարումն այս ծրագրի ավարտման ուղղությամբ եւ վստահություն է հայտնել, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը մեկ ամսվա ընթացքում լուծում կստանան:

«Մասնավորապես, Ֆիրդուսի եւ Գլխավոր պողոտայում 2015 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ առկա էին 154 ժամկետանց պայմանագրեր, որոնցով առկա պարտավորությունները կազմում էին 13.440 ք.մ բնակարանների հատկացում՝ Երեւանի գինու գործարանին հարող թաղամասում եւ Ֆիրդուսի թաղամասում կառուցվելիք շենքերից:

Կառավարության օժանդակությամբ «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն 2015 թվականի տարեվերջին 154 ժամկետանց պայմանագրերից սպասարկել է 1.953 ք.մ բնակարանների հատկացման պարտավորություն` թվով 38 ընտանիքների նկատմամբ: Կառավարության օժանդակությամբ 2016 թվականի հունիսից սկսած «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն այլ կառուցապատողից փոխանակության հիմունքներով ձեռք բերեց բնակարաններ Երեւանի քաղաքում տարբեր նորակառույց շենքերից:

Ձեռքբերված, ինչպես նաեւ «Գլենդել Հիլզի» խմբում առկա ավարտված շենքերի բնակարաններով, գտնվելու վայրերից ելնելով գործակիցներ կիրառելով, մինչ 01.06.2017 թվականը «ՍիթիՍենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն սպասարկել է 8.065 ք.մ բնակարանների հատկացման պարտավորություն՝ 84 ընտանիքներինկատմամբ: Այս պահի դրությամբ 12 շահառուներգտնվում են բնակարանների ընտրության եւ պայմանագրերի կնքման գործընթացում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ 154 շահառուներից այսօր առկա են 20 չբավարարված շահառուներ, ովքեր դժգոհ են առաջարկվող շենքերի տեղակայման վայրերից, բնակարանների վերանորոգման վիճակից եւ հետագայում հատկացվելիք շենքերում գործող սպասարկման վճարներից՝ պահանջելով գումարային փոխհատուցումներ:

Նշենք, որ նախօրեին Ֆիրդուսի բնակիչները ՀՀ նախագահի նստավայրի մոտ հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս խոստացել էր ուսումնասիրել խնդիրը եւ լուծում գտնել: