Լոնդոնում 81 տարեկանում մահացել է սաուդցի միլիարդատեր Ադնան Խաշոգին։ Նա համարվում էր հետպատերազմական պատմության մեջ զենքի խոշորագույն առեւտրականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ հանգուցյալի ընտանիքի հայտարարության, նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ ու կյանքից հեռացել էր իր երեխաներով շրջապատված։
Ադնան Խաշոգիի հայրը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդել Ազիզի անձնական բժիշկն էր։ 1960-80 ականներին Խաշոգին միջնորդի դեր էր կատարել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջեւ զենքի վաճառքի գործարքների կնքման ժամանակ, ստանալով տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների միջնորդավճար։ 1980-ականներին գործարարի կարողությունը միլիարդավոր դոլարներ էր գնահատվում, ու նա համարվում էր մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Խաշոգիի անունը հիշատակվում էր բազմաթիվ ֆինանսական սկանդալներում։ 1988-ին նա կալանավորվել էր Շվեյցարիայում ու արտահանձնվել ԱՄՆ-ին՝ ֆինանսական խաբեությունների համար մեղադրանքով ։ 1990-ին Խաշոգին արդարացվել է ամերիկյան դատարանի կողմից։
Խաշոգիի քույրը՝ Սամիրան, ամուսնացած է ծագումով եգիպտացի Բրիտանիայի քաղաքացի միլիարդատեր Մուհամեդ Ալ Ֆայեդի հետ, որի որդին՝ Դոդին, արքայադուստր Դիանայի հետ 1997-ին զոհվել էր Փարիզում՝ վթարի հետեւանքով։





























