Իրաքի Մոսուլ քաղաքում վերջին երկու շաբաթներին սպանվել է 230 խաղաղ բնակիչ՝ այդ թվում բազմաթիվ կանայք ու երեխաներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունում համարում են, որ խաղաղ բնակիչների նկատմամբ նման գազանությունները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։ ՄԱԿ-ում նորից լուրջ մտահոգություն են հայտնել հին քաղաքի ու Մոսուլի արեւմտյան մասի մյուս թաղամասերի բնակիչների ճակատագրի կապակցությամբ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հայտնել է, որ զինյալները կրակ են բացում երեխաների վրա, որոնք իրենց ընտանիքների հետ միասին փորձում են դուրս գալ կրակի օղակից։ Նա հիշեցրել է, որ ամենասարսափելի միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին ՝ Մոսուլի արեւմտյան արվարձանում, երբ ԻՊ զինյալները կրակել ու սպանել են 163 մարդու՝ այդ թվում երեխաների։ Այդ մարդիկ փորձել էին փախչել քաղաքից։ Նրանց մարմինները մի քանի օր ընկած էին փողոցներում։ Այդ նույն թաղամասում մայիսի 26-ին ահաբեկիչները սպանել էին 27 մարդու՝ այդ թվում 14 կանանց ու 5 երեխաների։ Հունիսի 3-ին նրանք սպանել էին եւս մոտ 40 խաղաղ բնակիչների։





























