«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կինն ու դուստրը 10 ամիս անց կարողացել են տեսնել նրան: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի մայրը՝ տիկին Փիրուզան նշեց, որ Արմեն Լամբարյանն իրեն տեսակցության գնացած կնոջն ու դստերը մխիթարել է հետեւյալ խոսքերով՝ «Մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու»:
Տիկին Փիրուզայի խոսքով, Արմեն Լամբարյանը առողջական լավ վիճակում չի եղել, նա հյուծված տեսք է ունեցել. «Ոտքի հետ կապված խնդիրն ա, որ շատ է նեղում նրան: Ինքը մեզ ամեն ինչ չի ասում, բայց տեսքից նկատելի է եղել, որ լավ չի զգում»:
Փիրուզա Լամբարյանը նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» այդպես էլ չի կարողացել տեսակցել որդուն, նրան հաջողվել է տեսնել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում՝ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննության մեկնարկին. «Վայ, էն տեսնելուն, որ տեսա: Ներս չէին թողնում էլի, բայց ինքնազգացողությունս վատացել էր, վերջը կարողացա մտնել»:
Արմեն Լամբարյանի ընտանիքը նրան երկրորդ անգամ կտեսակցի հունիսի 23-ին, տիկին Փիրուզան հույս հայտնեց, որ այդ օրը կհաջողվի տեսակցել որդուն՝ նշելով, որ այլեւս պատճառաբանություններ չեն լինի տեսակցությունն արգելելու համար:
Հիշեցնենք, որ 10 ամիս է՝ Արմեն Լամբարյանի տեսակցությունների վրա արգելք էր դրված, դատարանն այն վերջերս է վերացրել:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:





























