Հայաստանում մոլեգնող տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին կհասնի հոկտեմբերին, երբ տնտեսության անկումն ավելի շոշափելի կլինի: ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն այսօր, NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, նշեց, որ իրենց կանխատեսումները, ցավոք, իրականություն են դառնում:
«Աշխարհում ընթացող պրոցեսներն ազդում են Հայաստանի վրա, առավել եւս, որ Հայաստանը տնտեսական ինքնուրույնություն չունի, կախված է Ռուսաստանից՝ տրանսֆերտների ձեւով եւ այլն: Պարզ էր, որ այսքան խորը պիտի լիներ ճգնաժամը, քանի որ Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ չարեցին մեղմելու համար: Գումարները, որ տրվում են հիմա, չեն կարող օգնել, քանի որ դրանք սովորական քաղաքացիներին չեն հասնում»,- մանրամասնեց Վ. Խաչատրյանը եւ հավելեց, որ Հայաստանը լավ կլինի, երբ Ռուսաստանի տնտեսությունը ոտքի կանգնի, բայց դրա համար նախադրյալներ առայժմ չկան: NEWS.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանից եւ այլ տեղերից ստացված վարկերի ծախսումը, Վահագն Խաչատրյանը նշեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ այդ գումարներն ուղղվեին գյուղատնտեսության կամ արտադրության ոլորտները, այդ գումարները, սակայն, ուղղվել են այն ոլորտները, որ հետաքրքրում են օլիգարխիային եւ իշխանությանը՝ շիանարարություն, էներգետիկա, պղնձամոլիբդենային համալիր եւ այլն:
Վահագն Խաչատրյանը նաեւ նշեց, որ Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր չունի, եւ առ այսօր աշխատում է 9,2 տոկոս աճ կանխատեսող բյուջեով եւ առ այսօր փոփոխություններ չեն կատարվել բյուջեում, մինչդեռ, օրինակ, Ռուսաստանը չորս անգամ փոխել է իր բյուջեն:




























