ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի առողջական վիճակի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է.
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վարդան Գերավետյանի փաստաբանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Վ. Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, եւ վերջինս շտապ կարգով լրացուցիչ հետազոտման կարիք ունի:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Վ. Գերավետյանը 02.06.2017թ. զննվել է ներզատաբանի կողմից, տրվել է համապատասխան ախտորոշում, ինչից հետո բուժման տակտիկան որոշելու նպատակով ցուցվել է կատարել հորմոնալ հետազոտություններ եւ վիրաբույժ-ներզատաբանի խորհրդատվություն:
08.06.2017թ. Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` կալանավորված անձ Վարդան Գերավետյանի հետազոտությունները եւ խորհրդատվությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է Վ. Գերավետյանի` քրեակատարողական հիմնարկում նաեւ ատամների հետ կապված խնդիրներ ունենալուն, ապա նշենք, որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս պարբերաբար տրամադրվել են ատամնաբուժական ծառայություններ, այդ թվում` հղկվել եւ մաքրվել են կարիոզ խոռոչները, լուսային պլոմբանյութով վերականգնվել է ատամի ամբողջականությունը: Ատամնաբույժի ցուցման դեպքում, եթե անհրաժեշտ լինի ատամի ռենտգեն հետազոտութուն, ապա այն սահմանված կարգով կկատարվի քաղաքացիական բուժհաստատությունում:
Ներկայումս Վ. Գերավետյանը բարձրացնում է պրոթեզավորման կամ իմպլանտացիայի խնդիրներ, ինչը սակայն պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի կոկորդում նորագոյացություն է առաջացել, որի բնույթը դեռեւս պարզված չէ:





























