Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի կողմից անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու գործով դատաքննությունն այսօր՝ հունիսի 14-ին, վերսկսվեց:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարեց Անի Զախարյանի պաշտպան Զորայր Հարությունյանի միջնորդությունը դատաքննությունը վերսկսելու եւ վկա Արսեն Օհանյանին հարցաքննելու վերաբերյալ:

Արսեն Օհանյանը դատարանում պատմեց, որ Անի Զախարյանը պարբերաբար իր տեսադաշտում է եղել եւ բարձրախոսով որեւէ կոչ այս ընթացքում չի լսել, այդ թվում Անի Զախարյանի կողմից:

«Եթե նույնիսկ կոչ եղել է, ապա կամ ոստիկանների ականջին, կամ էլ չեն եղել»,- ասաց Արսեն Օհանյանը:

Վկան ընդգծեց, որ ինքը կիզակետում է եղել եւ եթե բարձրախոսով կոչ լիներ, ինքը հավանաբար կլսեր:

«Լարված իրավիճակ էր այդ օրը Խորենացի փողոցում: Հանդարտեցման կոչեր շատերն էին անում, թե Անին նման կոչ արել է, թե ոչ, չեմ կարող ասել: Իրավիճակն այնպիսին էր, որ եթե մեկը բռնության կոչ աներ, հաստատ նրան կհեռացնեին այնտեղից, դուրս կշպրտվեր ժողովրդի կողմից, որովհետեւ մենք հավաքվել էինք եւ պայքարում էինք բռնության դեմ»,- ասաց վկան:

Անդրադառնալով ոստիկանական մեքենային` Արսեն Օհանյանը նշեց, որ ինքը մեքենան տեսել է հեռանալիս, իսկ ապակիի կոտրվելու մասին ինքն իմացել է ավելի ուշ:

Վկայի հարցաքննությունից հետո պաշտպան Զորայր Հարությունյանը միջնորդեց հարցաքննել նաեւ ԳԱԼԱ հեռուստաընկերության երկու աշխատակիցներին: Պաշտպանն առաջարկեց հարցում ուղարկել հեռուստաընկերություն, պարզել այդ անձանց եւ հրավիրել հարցաքննության: Պաշտպանը նշեց, որ ինքը փաստաբանական հարցում է ուղարկել, բայց պատասխան չի ստացել: Դատավորը, սակայն, չհամաձայնվեց` պետք է ներկայացնել կոնկրետ անձանց, նրանց տվյալները եւ ապահովել այդ վկաների ներկայությունը դատարանում:

«Եթե խոչընդոտ լինի, այդ դեպքում դիմեք, մենք կփորձենք աջակցել»,- ասաց դատավորը:

Հայտարարվեց դատաքննության ավարտ:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: