Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով այսօր` հունիսի 14-ին, պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբանը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին: Փաստաբանը նշեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ զուրկ ապացույցներից:
«Եթե անգամ եղել են զանգվածային անկարգություններ, պետք է ապացուցել, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել Արարատ Խանդոյանը, քրեական գործով չի ապացուցվել նաեւ, որ ոտքով հարվածել է Խանդոյանը կամ վահան է խլել, եթե նման բան լիներ, կլիներ նաեւ տուժող, որը կասեր, թե իմ պաշտպանյալը հարվածել է իրեն կամ վահանն է խլել»,- ասաց պաշտպանը:
Արա Ղարագյոզյանի խոսքով, չկա ապացույց նաեւ զանգվածային անկարգությունների մասին. «Տուժող ճանաչված ոստիկաններն էլ դատարանում հարցաքննության ժամանակ ասել էին, որ չեն տեսել ցուցարարների, որոնց մոտ արգելված առարկաներ լինեին, միեւնույն ժամանակ նրանցից եւ ոչ մեկը չէր տեսել Խանդոյանին որեւէ մեկին հարվածելու համ վահան խլելու մասին: Սա նշանակում է, որ տուժողները նույնպես հաստատում են, որ զանգվածային անկարգություններ չեն եղել Խորենացի փողոցում այդ օրը»,- իր պաշտպանական ճառում ասաց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի խոսքով, հակասություններ կան վկաների ցուցմունքներում: Արա Ղարագյոզյանը հիշեցրեց մի վկայի հարցաքննությունը, երբ վկան դատարանում հայտարարել էր, թե դեպքի օրը ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառել Արայիկ Խանդոյանը:
«Վկային ասել էին` կասես Խանդոյան, բայց թե որ Խանդոյանը` Արայիկ, թե Արարատ, վկային չէին բացատրել: Հետեւաբար, սա նշանակում է, որ այդ վկայի ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել»,- նշեց պաշտպանը:
Վերջում փաստաբանն ընդգծեց, որ Արարատ Խանդոյանը քաղբանտարկյալ է:
Ամբաստանյալը ժամանակ խնդրեց` պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 27-ին:
Նշենք, որ Արարատ Խանդոյանի համար մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Խանդոյանը կալանքի տակ է:





























