Փորձաքննությունը հաստատել է Չելյաբինսկում ազգությամբ հայի եւ նրա երկու տարեկան որդու մահվան նախնական տվյալները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

Նրա խոսքով՝ մահացածն իսկապես Ալիկ Հակոբյանն է։ Փորձաքննության համաձայն՝ տղամարդը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Հակոբյանի փոքրիկ որդին մահացել է խնամքի բացակայության պատճառով։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ է երկու տարեկան երեխան առանց սննդի ու ջրի մնացել՝ ավտոմեքենայի չօդափոխվող պայմաններում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տղամարդն ու երեխան անհետացել են մայիսի 1-ին, զբոսանքից հետո։

Մայիսի 28-ին բնակիչները Շահումյան փողոցի բակերից մեկում կասկածելի ՎԱԶ են հայտնաբերել։ Տղամարդու եւ տղայի մարմինները եղել են ավտոմեքենայի հետեւի նստարանին։ Նախնական տվյալներով բռնի մահվան նախանշաններ չեն եղել։ Քննիչների տվյալներով՝ 48-ամյա տղամարդը չարաշահել է թմրանյութերը։ Զոհերը Հայաստանի քաղաքացիներ են եղել։