Հայ-չինական հարաբերությունները կթեւակոխեն զարգացման նոր փուլ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում բարեկամական խմբերի ձեւավորմանը եւ հույս հայտնել, որ բարեկամական խմբերի ակտիվ հարաբերությունների, փոխայցերի եւ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կթեւակոխեն զարգացման նոր փուլ:
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ:
Դեսպանն իր խոսքում կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր է գնահատել նախորդ խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի գործունեությունը եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանը նույնպես ակտիվորեն կհամագործակցի Չինաստանի խորհրդարանի հետ՝ իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կրթության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում հայ-չինական համագործակցության հեռանկարներին:





























