Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Քինշասայում, որը 12 մլն բնակչություն ունի, հայերի քանակը հազիվ երկու տասնյակի հասնի։ Բայց հունիսի 17-ին «յան» վերջավորությամբ ազգանունը արտասանելու է ամբողջ քաղաքը։ Բելգիացի բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրչյանը այստեղ իր երկրորդ խաղն է անցկացնելու։

Ալեքսն արդեն նվաճել է Եվրոպական բռնցքամարտի միության (EBU) երեք տիտղոս, իսկ 2014-ին դարձել է աշխարհի փոխ- չեմպիոն։ Հունիսի 17-ին նա ուժերը կչափի Կոնգոյի լավագույն բռնցքամարտիկներից մեկի հետ։

Մեկ տարի առաջ նա այնտեղ հաղթել է Գանայի չեմպիոն Կամարուդին Բոյեֆիոյին։

Հայաստան Ալեքսն արդեն արցելել է, բայց 2018-ին այստեղ առաջին անգամ ռինգ դուրս կգա։

Նրա խաղի կազմակերպիչներն են Հայ- բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն ու ձեռներեց Գարրո Նանիկյանը՝ Կոնգոյի SCS ընկերությունից, որը զբաղվում է պրոֆեսիոնալ կադրերի զարգացումով (լուսանկարում ձախից աջ՝ Վալերի, Ալեքս, Գարրո)։

Հայերը Կոնգոյում հայտնվել են Ֆրանսիայից ու Բելգիայից (Կոնգոն նախկին բելգիական գաղութ է)։ ՀԻմա ՝ ավելի շատ Լիբանանից։ Աֆրիկյան ճանաապարհներին բավականին շատ լիբանանյան առեւտրային ընկերություններ կան ՝ այդ գործում նրանք շատ ակտիվ ու փորձառու են։ Արաբների հետ միասին հայերն էլ են այստեղ հայտնվում։

Հայերից մի քանիսը ժամանակավոր են գալիս, բայց մյուսներն էլ ընտանիքներ են կազմում ու այստեղ մնում։ Այդպես է արել Գարրո Նանիկյանի հայրը։ Երբ Գարրոն մայիսի վերջին առաջին անգամ Հայաստան ժամանեց, կոնգոցի գործարարների պատվիրակության հետ միասին (նրանց բերել էր Հայ- Բելգիական առեւտրի պալատը), տեղացիների զարմանքին չափ ու սահման չկար՝ այդ «սեւամորթ» տղան պարզվում է «յան»-ով վերջացող ազգանուն ունի։

Կոնգոյում է հիմա աշխատում նաեւ Վալերի Սաֆարյանը, եվրոպական բիզնեսի համար բացելով տեղական շուկան եւ հակառակը։ Հաջորդ քայլն է դարձել դեպի Հայաստան «կամուրջը», որը Սաֆարյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում կամրանա։ Համենայն դեպս, մի քանի ամսից կոնգոցի գործարարները թեկուզեւ ոչ լայն կազմով, բայց նորից կհավաքվեն Երեւանում։