Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի եւ Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խումբը հանդես է եկել հայտարարությամբվ, որտեղ նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, եւ նաեւ՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր եւ պետքարան։
Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, եւ նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից եւ պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, եւ նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը»:





























