Վերաքննիչ դատարանը մերժել է Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Անդրանիկ Քյոսեյանի շահերի պաշտպանի բողոքը: Պաշտպան Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել իր պաշտպանյալի կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Վերքննիչը մերժել է բողոքը՝ որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները:





























