Վրաստանի ճանապարհներին կտեղադրեն մոտ 3000 «խելացի տեսախցիկներ»։ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հայտնել է, որ տեսախցիկները սկսելու են տեղադրել հուլիսի վերջից, համակարգը աստիճանաբար է գործարկվելու։ Սկզբում «խելացի տեսախցիկները» տեղադրելու են մեծ քաղաքներում, հետո նաեւ մյուս համայնքներում։

Փոխնախարարի խոսքով, նման համակարգից խախտումները փաստացի չեն վրիպում։

«Սրանք ստացիոնար տեսախցիկներ են։ Մենք համաձայնության ենք եկել բոլոր համայնքների հետ, փորձարկումներն ավարտված են։ Մենք ձեռք ենք բերել ծրագրային ապահովում, որը տեսախցիկները խելացի է դարձնում։ Հիմա տուգանքները մարդիկ են գանձում։ Իսկ այդ տեսախցիկների դեպքում, տեսախցիկը հենց տեսնում է մեքենան, ֆիքսում է թե ով է մեքենայի սեփականատերը եւ այլն։ Եթե խախտում է եղել, ապա այդ խախտումն արդեն մեկ այլ ծրագրով է ավտոմատ գրանցվում, որն էլ հենց արձանագրություն է կազմում։ Մարդու դերը բացառվում է»,- հայտնել է Շալվա Խուցիշվիլին։