«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին հունիսի 29-ին նյարդաբանը զննել է եւ նրա մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Արայիկ Խանդոյանի պաշտպանը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին իր պաշտպանյալին բժշկական զննության ենթարկելու համար, մասնավորապես, զննության ենթարկելու «…հատկապես պարզել գլխուղեղի ցնցում ստանալու վերաբերյալ փաստը»: Տեղեկացնում ենք, որ նույն օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյարդաբանի զննությամբ կալանավորված անձ Ա. Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել»,- հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանի պաշտպաններն ահազանգում են, որ հունիսի 28-ին իրենց պաշտպանյալը դաժանորեն ծեծվել է եւ խոշտանգվել: