Մենք ոստիկաններին պատժել ենք հանրահավաքներում ագրեսիայի համար, սակայն չենք հեռացրել։ Այս մասին հունիսի 30–ին՝ ԱԺ–ում հայտարարեց փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա ոստիկանների հարձակումներին վերաբերող հարցին։

Համբարյանը նշեց, որ չարդարացված բռնություն թույլ տված ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություն է կատարվել։ «Գործով զբաղվել է Հատուկ քննչական ծառայությունը։ 7 մարդ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել. եղել են պաշտոնի իջեցումներ, նկատողություններ, խիստ նկատողություններ։ Սակայն հեռացումներ չեն եղել»,– հավելեց փոխոստիկանապետը։