Տոկիոյում ուժի մեջ է մտել օրենքը, որը մինչեւ 18 տարեկան աղջիկներին արգելում է աշխատել, այսպես կոչված, «վճարովի ժամադրությունների» ծառայությունների ոլորտում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կիոդո» գործակալության տվյալներով՝ համապատասխան օրինագիծը Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները միաձայն հավանության են արժանացրել։ Ճապոնիայում դա հատուկ օրենք ընդունելու առաջին դեպքն է՝ գումարի դիմաց մինչեւ 18 տարեկան դպրոցականների հետ ժամադրությունները սահմանափակելու նպատակով։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ներկայում Տոկիոյում գործում են շուրջ 110 կոմերցիոն ձեռնարկություններ եւ շուրջ 30 չգրանցված ընկերություններ, որոնք գումարի դիմաց ժամադրություններ են կազմակերպում դպրոցականների հետ։ Հաճախ նման ժամադրությունների են գնում 18 տարեկանից ցածր աղջիկները։ Տոկիոյի իրավապահները կասկածում են նաեւ, որ նման մի քանի ձեռնարկություններ ժամադրություններ են կազմակերպում ինտիմ ծառայություններ մատուցելու նպատակով։





























