Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում վրացագիտության կենտրոնը կսկսի գործել 2011 թվականի ձմռանից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի Արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը։
Նրա խոսքով, վրացական կողմի հետ վերջնական համաձայնություն բուհի ղեկավարությունը ձեռք է բերել համալսարանի 75-ամյա հոբելյանի առիթով հանդիպումների ժամանակ։ «Հայաստան էին ժամանել Թբիլիսիի Ի. Ճավճավաձեի եւ Ի. Ջավախաշվիլիի անվան համալսարանների լեզվաբանության ամբիոնների ներկայացուցիչներ։ Նրանց հետ ձեռք բերված վերջնական պայմանավորվածության համաձայն՝ Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում վրացագիտության կենտրոնն իր աշխատաքները կսկսի 2010-2011 թվականի ուստարվա երկրորդ կիսամյակից։ Վրացի դասախոսը Հայաստան կժամանի հենց այդ ժամանակ։ Փաստը հաստատվել է մեր եւ վերոհիշյալ վրացական երկու բուհերի միջեւ կնքված պայմանագրով»,- հավաստիացրեց համալսարանի Արեւելյան լեզուների ամբիոնի վարիչը:
Արթուր Իսրայելյանը նշեց, որ նախագծի՝ ուշ կյանքի կոչվելը պայմանավորված է հատկապես ֆինանսական դժվարություններով։ «Ժամանող դասախոսի աշխատավարձի չափը դեռեւս ճշտման փուլում է։ Հայկական կողմը, ճիշտ է, նրան որոշ խորհրդանշական գումար կվճարի, սակայն բուն աշխատավարձը կվճարի վրացական կառավարությունը»,- տեղեկացրեց բուհի ներկայացուցիչը։
Վերջում նա հիշեցրեց, որ վրացական մի շարք բուհերում հայագիտական ամբիոններ շատ վաղուց արդեն գործում են։ «Այնտեղ հաջողությամբ ուսանում են ինչպես հայեր, այնպես էլ վրացիներ»:
Նշենք, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում վրացագիտական կենտրոնը պաշտոնապես բացվել է Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարներ Արմեն Աշոտյանի եւ Ալեքսանդր Շաշկինի՝ հոկտեմբերի 14-16-ին կայացած երեւանյան հանդիպումների շրջանակներում, սակայն դեռեւս չի գործում:





























