Այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի մասին իրենց նախօրոք զգուշացնելու համար։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Վաշիգտոնում Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ հանդես եկել մամուլի ասուլիսով։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, թե իր համար մեծ երջանկություն է իր գործընկեր Քլինթոնի հետ քննարկել օրակարգային տարբեր խնդիրներ։
Ահմեդ Դավութօղլուն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Wikileaks-ի կողմից հրապարակված նյութերի մասին իրենց նախօրոք տեղեկացնելու համար եւ շեշտել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ռազմավարական համագործակցության մակարդակում։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւս գովեստի խոսքեր է շռայել Դավութօղլուի հասցեին՝ նշելով, որ ուրախ է նրան պատվել ԱՄՆ պետքարտուղարությունում։ «Դավութօղլուի հետ իմ հանդիպումները միշտ կառուցողական են, քանի որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը միասին անելու շատ բաներ ունեն»,-ընդծել է Քլինթոնը։
Նշենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերից մեկում ամերիկյան կառավարության խորհրդականներից մեկը Դավութօղլուին նկարագրել է որպես ծայրաստիճան վտանգավոր եւ խելագար։





























