Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընդմիջումից շատ կարճ ժամանակ անց կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպան Կարապետ Բադալյանի վերաբերյալ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Բադալյանն առավոտյան եղել է նիստերի դահլիճում, սակայն այժմ առանց զգուշացնելու հեռացել է: Ներկա պաշտպանները փորձեցին հայտարարություն անել, որը դատավորը թույլ չտվեց: Պաշտպանները հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը: Դատավորն առանց արձագանքի հեռացավ խորհրդակցական սենյակ Բադալյանի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 16:00-ին: Լրագրողների հետ զրույցում պաշտպանները նշեցին, որ մինչեւ նիստի վերսկսվելը կորոշեն իրենց անելիքը, չի բացառվում, որ հայտարարություն կանեն եւ կլքեն դահլիճը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար:

Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: