Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով սկսել է կոմունիկացիայի փուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հակոբյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով բավարարել էր ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:
ՄԻԵԴ-ի որոշմամաբ՝ պահանջի խախտումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտմանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը վատացել է, նրա շահերի պաշտպանը դիմել էր ՄԻԵԴ:
Նշենք, որ Արամ Հակոբյանի մասով նախաքննություն ավարտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):





























