Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2010 թ. նոյեմբերին գնաճը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ կազմել է 9,6 տոկոս, որն ավելին է, քան նույնիսկ Կենտրոնական բանկի ամենահոռետեսական գնահատումը։

Հիշեցնենք, որ ըստ պետական բյուջեի մասին օրենքի՝ ԿԲ-ն պետք է կարգավորի 12-ամսյա գնաճը՝ պահելով այն 4+-1,5 տոկոս միջակայքում։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ պարենային ապրանքների գներն աճել են 15 տոկոսով։ Փաստորեն՝ միայն ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գների հարաբերական կայունության շնորհիվ Հայաստանում գնաճի երկնիշ մակարդակ չի արձանագրվել։

Նշենք, որ հոկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 1,6 տոկոս։ 2010թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7%, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):