Ամերիկացի դպրոցական Թեդի Ֆիշերը, կարողանալով գտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարը, նրան է զանգահարե եւ 45 րոպե տեւողությամբ հարցազրույց վերցրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով New York Post պարբերականը։

Նրա տեղեկությամբ՝ Վաշինգտոն նահանգում բնակվող պատանին, Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամրը տեսել է մայիսի 11-ին, Washington Post պարբերականում։ Լուսանկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիկնապահներից Քիթ Շիլերի ձեռքին թղթապանակ է, որտեղ երեւում է Պենտագոնի ղեկավարի անունն ու հեռախոսահամարը։

Նախ երիտասարդը Մեթիսին հաղորդագրություն է գրել՝ խնդրելով իրեն հարցազրույց տալ։ Նախարարը, որը ծագումով եւս Վաշինգտոն նահանգից է, համաձայնել է։ Հարցազրույցը հրապարակվել է դպրոցի պարբերականում, որտեղ սովորում է Ֆիշերը։ 

Մեթիսը խոստովանել է, որ միշտ աշխատում է օգնել դպրոցականներին եւ նրանց հետ կիսվել փորձով։ New York Post-ի համաձայն՝ հարցազրույցում Մեթիսը մի շարք արտաքին քաղաքական հարցերի մասին է խոսել։ Մասնավորապես՝ նա նշել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե լսեր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Ըստ Մեթիսի՝ տարածված արմատական գաղափարախոսության դեմ դյուրին կլիներ պայքարելը, եթե ԱՄՆ-ն կարողանար վճարել ամերիկյան դպրոցներում Աֆղանստանի, Սիրիայի եւ այլ երկրներից երեխաների ուսման համար։