Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի առեւտրային հատվածը պակաս հավակնոտ է, քան նախորդ՝ ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ վարչության ղեկավար Դիրք Շուբելը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի շուրջ արտաքին գործերի կոմիտեի կազմակերպած քննարկումներում։

Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

ԵՄ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ իրենք Հայաստանի հետ բանակցություններ են վարել 2013 թվականին, եւ Հայաստանն այդ գործընթացն անցավ ավելի արագ, քան Մոլդովան ու Վրաստանը, սակայն ավելի ուշ հրաժարվեց բանակցություններից։ «Այժմ ես չէի ցանկանա մանրամասնել պատճառները»,-հավելել է նա։

Շուբելը նշել է, որ ԵՄ-ն մեծ ուշադրություն է հատկացնում Հայաստանի այլ միջազգային պարտավորվածություններին։ «Մեծ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը շահագրգռված է համաձայնագիրը ստորագրելու հարցում»,-ընդգծել է նա։

Պատասխանելով Եվրախորհրդարանի հարցերին՝ Շուբելը հիշատակել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Նա ընդգծել է, որ օլիգարխների վերահսկողության հարցը հատուկ չէ միայն Հայաստանին, այլ գոյություն ունի նաեւ այլ երկրներում։ Դրա դեմ պայքարելու համար օրենքի գերակայություն է անհրաժեշտ։ Պաշտոնյան հավելել է, որ ԵՄ-ն կենտրոնացված է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների պարագայում։