Հունիսի 28-ին Հայաստանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելով՝ ոստիկանության աշխատակիցները ոտնահարել են արդարադատությունը։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով հանրային քննարկումների ընթացքում, որը կազմակերպել է «Բաց հասարակության հիմնադրամը»։
Նրա խոսքով, երբ Հայաստանի արդարադատության նախարարությունը դրան չի արձագանքում, նվազում է արդարադատության հանդեպ վստահության առանց այն էլ ցածր մակարդակը։ «Մենք պետք է այդ երեւույթի գնահատականը տեսնենք դատական իշխանությունների կողմից։ Հանրային դիտորդական խմբին առհասարակ արգելել են այցելել ամբաստանյալներին։ Պատմության մեջ նման բան չի եղել»,- նշեց Սաքունցը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին դատական նիստի ընթացքում ոստիկաններից մեկը մեղադրյալ Արեգ Կյուրեղյանին թույլ չի տվել փաստաբանին գրություն փոխանցել։ Դրան հետեւել է ոստիկանների եւ ամբաստանյալների միջեւ վեճը։ Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել են Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին։ Ավելի ուշ Կյուրեղյանի եւ Ավետիսյանի, ինչպես նաեւ երկու մյուս ամբաստանյալների՝ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտարարել են, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել իրենց պաշտպանյալներին։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ հունիսի 29-ին Հայաստանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Մխիթար Ավետիսյանին եւ Գագիկ Եղիազարյանին՝ արձանագրելով, որ նրանց մարմինների հետքերը հաստատում են ծեծի ենթարկվելու մասին պնդումները։




























