«Սասնա ծռերի» գործով նիստին այսօր` հուլիսի 19-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած պաշտպանների նկատմամբ: Դատավոր Գաբրիելայնը նշեց, որ դատարանը կդիմի Փաստաբանների պալատ պաշտպաններ Արա Ղարագյոզյանին, Երվանդ Վարոսյաննի, Ինեսսա Պետրոսյանին, Հրանտ Գեւորգյանին, Արմինե Ֆանյանին, Հարություն Բաղդասարյանին, Դավիթ Գյուրջյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Այնուհետեւ դատարանը Արեգ Կյուրեղյանից հետաքրքրվեց` արդյոք ցանկանում է, որ իր շահերը շարունակեն պաշտպանել Մուշեղ Շուշանյանն ու Արա Զաքարյանը` նշելով, որ նրանք մի քանի դատական նիստ չեն ներկայանում դատարան: Արեգ Կյուրեղյանը դրական պատասխան տվեց, որից հետո դիմելով դատարանին` նշեց, որ դատարանին չի հարգում: Դատարանը Արեգ Կյուրեղյանի նկատմամաբ դատական սանկցիա կիրառեց` նրան 10 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Այնուհետեւ Արեգ Կյուրեղյանի բացակայության պայամններում դատարանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ` Արեգ Կյուրեղյանին հանրային պաշտպան տրամադրելու համար:
Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը կոչ արեց դատարանին օբյեկտիվ դատաքննություն իրականացնել` նշելով, որ բոլորն էլ ոչ ոք ի վերջո արդար դատավարությունից չի խուսափելու:
«Դուք շատ ծանր վիճակում եք այսօր, պետք է ապրեք մտածելով, որ վաղը ոչ ոք արդար դատավարությունից չի խուսափելու»,-ասաց նա:
Դատարանը նիստը հետաձգեց, այն տեղի կունենա հուլիսի 26-ին:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը մինչեւ դատական նիստի սկսվելը նիստերի դահլիճում կրկին ազգագրական երգ էր երգում, իսկ Աշոտ Պետրոսյանն ու Սեդրակ Նազարյանը միմյանց ձեռք բռնած «պարում» էին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:




























