Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել քաղաքացուց շորթում կատարելու փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հուլիսի 28-ին, 36-ամյա Ավետիք Ն.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում կինն ասել է, որ ինքը գնում է Մաշտոցի վարչական տարածքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, սակայն 1 ժամից ավելի կնոջից տեղեկութուն չունենալուց հետո կնոջ հեռախոսահամարից ստացել է հաղորդագրություն, որ իրեն չսպասեն, ինքը իր կյանքին վերջ է տալու։

Կարճ ժամանակում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ավետիք Ն.-ի կնոջը՝ 30-ամյա Ա.-ին, հայտնաբերել են եւ տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Հետաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հունիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ-կոնտակտե» կայքի օգտատեր Ալբերտ Ք.-ի կողմից հաղորդագրություններ է ստացել կինը, որտեղ Ալբերտ Ք.-ն գրել է, որ նրա վերաբերյալ արատավոր տեղեկություններ կտարածի եւ սպառնալիքով նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար։

Կինը ամուսնուց թաքուն կարողացել է վճարել 1160 դոլարը, սակայն Ալբերտ Ք.-ն փորձել է նորից շանտաժի միջոցով կնոջից գումար շորթել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ալբերտ Ք.-ին հայտնաբերելու ուղղությամբ։