Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում դպրոցի շենք ունենալն արդեն երկար տարիներ երազանք է մնում: Դպրոցի շուրջ 40 աշակերտները դասերն անցկացնում են երկրաշարժից հետո այստեղ կառուցված տնակներում: Եվ աշակերտները, եւ նրանց ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը կարծես հույսը կտրել է, թե այստեղ երբեւիցե դպրոց կկառուցվի:
«Իրար մոտ գտնվող երեք տնակ կա, որտեղ դասերն անցկացնում ենք: Սա էլ քիչ է, այժմ էլ որոշում է կայացվել կոմպլեկտավորել դասարանները, այսինքն 1-ին եւ 2-րդ դասարանցիները միասին են դասն անցկացնում, 3-րդ ու 4-րդը՝ իրար հետ ու այսպես շարունակ»,- ասում է արեգնադեմցիներից մեկը:
Նման կերպ դասերն անցկացնելուն գյուղի բնակիչները դեմ են. եթե հաստատվի, իրենց երեխաներին դպրոցից հանելու են եւ ամբողջ ընտանիքով հեռանան գյուղից: Նշենք, որ Արեգնադեմը գտնվում է Ամասիա համայնքին շատ մոտ: Համայնքների խոշորացման ծրագրով գյուղը միացավ Ամասիային եւ այսօր քննարկվում է հարցը՝ միգուցե արեգնադեմցիները հաճախեն Ամասիայի դպրոց: Եթե այս առաջարկն ընդունվի, արեգնադեմցի դպրոցականները կհայտնվեն նոր անելանելի վիճակում. Արեգնադեմից Ամասիա որեւէ հանրային տրանսպորտ չի գործում:
«Ուզում են օպտիմալացում, թող մայրաքաղաքի դպրոցները փակեն, գյուղերի հետ ի՞նչ գործ ունեն: Հերիք չէ արդեն երկար տարիներ Արեգնադեմը դպրոցի շենքի տարրական պայմաններ չունի, հիմա էլ կոմպլեկտավորումն են մտցնում, ուզում են օպտիմալացում անել»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:
Նշենք, որ մեկ տասնամյակ առաջ Արեգնադեմն ունեցել է 100-ից ավելի աշակերտ, այսօր գյուղն ունի ընդամենը 46 աշակերտ:




























