Հակաիսրայելական խիստ պահվածքով հայտնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ հրահանգել է 2 հրդեհ հանգցնող օդանավ ուղարկել Իսրայել՝ մասնակցելու Հայֆա քաղաքում սկիզբ առած լայնամասշտաբ հրդեհի մարմանը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայի վարչապետն այս որոշումը կայացրել է հանդիպում անցկացնելով ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուի գրասենյակը գոհունակություն է հայտնել Էրդողանի այս որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն ամիսներ տեւող լարվածությունից հետ բարի կամքի դրսեւորում է:

Նշենք, որ Իսրայելի Հայֆա քաղաքին կից անտառներում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 40 հոգի, տարհանվել` 15 հազարից ավել մարդ:

Նշենք, որ նախօրեին Հայֆայի մերձակայքում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել էին 40 մարդ: Բանտային վարչության աշխատակիցների տեղափոխող ավտոբուսը շրջվել էր, եւ մարդիկ հայտնվել էին կրակի ճիրաններում:

Իսրայելական իշխանությունները տարածքից մոտ 13 հազար մարդ են տարհանել: Տարհանվածների մեջ նաեւ բանտի պաղեստինցի դատապարտյալներ եւ հոգեբուժարանի 200 հիվանդներ կան:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե շարունակելու են տարհանումը՝ խուսափելու համար նոր զոհերից: