Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանության գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 1-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ է տեղի ունեցել:

Գործով տուժող 80-ամյա Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ նիստերի դահլիճում գտնվող տուժող կողմի հարազատներից մեկը տեղից գոռացել է՝ «Էդ կինը մեղք չէ, խղճացեք, ի՞նչ հարցեր եք տալիս», որի ժամանակ էլ ամբաստանյալների հարազատները զայրացել են եւ ասել՝ իրենց անմեղ տղաներին էլ դատում են այդ ցուցմունքների հիման վրա: Այնուհետեւ դահլիճում գտնվող ամբաստանյալների եւ տուժող կողմի հարազատների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Տուժող Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը այդ պահին վատացել է, դատարան եկած շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: