ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Facebook սոցկայքում թողարկել է իր սեփական «իրական», ոչ թե «կեղծ» լուրերի ալիքը։ Հաղորդավարուհին Թրամփի հարսն է՝ Լարան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BuzzFeed պարբերականը։

«Ամիսներ շարունակ լրատվամիջոցներին մեղադրելով կեղծ լուրեր տարածելու մեջ՝ նախագահ Թրամփը Facebook-ում լրատվական ծրագիր է թողարկել, որտեղ հաղորդավարուհին նրա հարսն է»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ ալիքում առաջին թողարկումը հայտնվել է հուլիսի 20-ին։ Տեսագրությունում Լարան դիմել է ԱՄՆ նախագահի 23 մլն հետեւորդներին՝ կոչ անելով ամեն շաբաթ հետեւել թողարկումներին։

«Մենք կներկայացնենք միայն փաստերը, հետեւեք նորություններին»,- ասել է նա։