Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկվելու հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացուն բժշկական օգնություն ցույց տալու համար Կահիրե է գործուղվել պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը:

«ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,-այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հորւգադա մեկնած Արտակ Հովհաննիսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավարն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կահիրեի «Նասեր» հիվանդանոց տեղափոխված  ՀՀ երկու քաղաքացիներից մեկը դուրս է գրվել, մյուսը շարունակում է բուժումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։