Հայ հասարակությունում ագրեսիայի բարձր մակարդակի պատճառը սխալ դաստիարակությունն ու կրթական ցածր մակարդակն են: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:

Նրա խոսքով՝ դրանում մեղավոր են ոչ միայն աճող սերնդի ծնողները, այլեւ կրթական համակարգը: Հոգեբանը նաեւ մատնանշեց հեռուստասերիալները՝ ընդգծելով, որ դրանք նույնպես բացասաբար են ազդում երեխաների եւ հայ հասարակության վրա ընդհանրապես:

«Երեխաները, որոնք փոքր տարիքից չեն կարողանում լավը վատից տարբերել, որոնք հեռուստաէկրաններից մշտապես բռնություն եւ արյուն են տեսնում, սկսում են դրան միանգամայն նորմալ վերաբերվել»,- նշեց հոգեբանը՝ հավելելով, որ այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: